Օրերս տեղեկություն ստացա, թե ԱՄՆ-ից մեր մի հայրենակից Հայաստան է ուղարկել մեծ քանակության էլեկտրաէներգիա արտադրող բենզինային գեներատորներ՝ դվիժոկներ, որպեսզի դրանք տրվեն առաջնագծում ծառայող մեր զորքին։ Կապ հաստատեցինք Հայաստանում այդ գեներատորները տնօրինողի հետ՝ պատմելով, թե ինչքան կարևոր են այդ դվիժոկները առաջնագծի դիրքերի համար և առաջարկեցինք կոնկրետ առաջնագծի դիրքեր, որոնք հատուկ կարիք ունեն և կարող են իրենք սեփական ձեռքով հանձնել։
Պարզվեց, Հայաստանում մի քանի հոգի որոշել են խաբել Սփյուռքի բարերարին ու այդ դվիժոկները ոչ թե բանակին տալ, այլ հանել օնլայն վաճառքի և շահույթ ստանալ՝ պատճառաբանելով, թե չեն վստահում բանակին։ Մեր բացատրությանը, թե 1-2 հոգու հնարավոր վատ վարքը չի կարող ամբողջ բանակի նկատմամբ անվստահություն առաջացնել, եղավ կոշտ պատասխան, թե իրենք մինչև վերջերս անսահման շատ օգնել են բանակին՝ ծխախոտ, տռուսիկ, մայկա, գուլպա, կոնֆետ, պեչենի ու այլ շատ բաներ են տարել, բայց հասկացել են, որ դրանք արդյունավետ չեն օգտագործվում։ Անհասկանալի է, թե նշվածների արդյունավետությունը որը պետք է լիներ։ Հետևաբար իրենք էլ չեն ուզում որևէ բանով օգնել բանակին, թող կառավարությունը իր պարտականությունը անի։
Այն, որ կառավարությունը պարտավոր է բանակին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, կասկածից վեր է, բայց եթե բանակն ունի կոնկրետ աջակցության կարիք, ապա մենք պետք է անենք։ Բանակը մերն է, մեր որդիներն ու եղբայրներն են, ոչ թե կառավարության։
Հաճախ լսում եմ մարդկանց արձագանքը, թե՝ գիտե՞ս ինչքան եմ օգնել․․․ և դա ներկայացվում է այնպիսի ձևակերպումներով, կարծես թե մեծ հերոսություն է արել՝ հայրենիքին օգտակար լինելով։
Մինչդեռ առաջնագծի կահավորման համար քողարկիչ ցանցեր ձեռք բերող մեր հայրենակիցներին ամեն անգամ երբ շնորհակալություն եմ հայտնում, լսում եմ ամոթխած պատասխան, թե իրենք են շնորհակալ բանակին, որ կանգնած է մեր երկրի անվտանգության համար, և իրենց արածը փոքր է զորքի արածի համեմատ։ Սա ինձ ոգևորում է, քանի որ մարդիկ գիտակցաբար են անում այդ աջակցության գործը, իսկ այն մարդիկ, որոնք 1-2 տռուսիկ կամ ծխախոտ են տալիս բանակին, հետո հազար տարի երեսով տալիս, դա անում են ոչ թե օգնության, այլ իրենց եսասիրության համար։ Ճիշտ նույնկերպ, ինչպես ամբողջ կյանքը սրիկայություն արած և ուրիշների արյուն-քրտինքի վրա հարստացած մարդը մի եկեղեցի է սարքում՝ կարծելով, թե այդկերպ խաբում է Աստծուն։
Բանակի թիկունքին կանգնելը յուրաքանչյուրիս պարտքն է, և դա լավություն անել չէ, այլ պատասխանատվություն հայրենիքի առաջ։ Ծառայենք մեր հայրենիքին հանուն մեր զավակների ու գալիքի հաղթանակների։