-Հետևու՞մ եք «Նոայի» խաղերին ու ի՞նչ կարծիք ունեք թիմի խաղի ու արդյունքների մասին:
-Իհարկե, հետևում եմ «Նոայի» խաղերին: Կարելի է ասել, որ այդ թիմի երկրպագու եմ: Նայում եմ խաղերը, իհարկե, ոչ բոլոր, քանի որ 3-4 օրը մեկ խաղ կա: Հետևում եմ նաև Հայաստանի հավաքականի խաղերին: Հետևում եմ նաև Հայաստանին վերաբերող լրահոսին: Ես Ֆանտաստիկ մեկ տարի եմ ունեցել: Ես սիրում եմ Երևանը, սիրում եմ Հայաստանը և անընդհատ ուզում եմ իմանալ, թե ինչ է կատարվում Ձեր երկրում: Ինչ վերաբերում է արդյունքներին, գիտեք, նախորդ տարին ֆանտաստիկ էր: Մենք հաղթեցինք առաջնությունում և գավաթի խաղարկությունում, պրեմիեր լիգայի առաջին տիտղոսը նվաճեցինք «Նոայի» համար, առաջին անգամ «Նոան» եվրագավաթային խաղարկության հիմնական փուլում խաղաց, ներքին առաջնությունում մի շարք ռեկորդներ սահմանեցինք: Այդ ամենից հետո նշաձողը պահելը դժվար է: Ցավոք սրտի, թիմի գործերն այնքան էլ լավ չեն, շատերի սպասելիքները չեն արդարանում: Ես ցանկանում եմ, որ թիմն ամեն խաղում հաղթի:
-Հիմա երբ արդեն Հայաստանում չեք, կխոսե՞ք հայկական ֆուտբոլի բացահայտ խնդիրների մասին:
-Դա շատ բարդ հարց է, քանի որ ամբողջությամբ տեղյակ չեմ ֆեդերացիայի գործունեությունից, չգիտեմ այդ կառույցի ֆինանսական հնարավորությունները: Չեմ պատրաստվում քննադատել ֆեդերացիային, որովհետև ես նրանց տեղում չեմ, որովհետև ամբողջական պատկերն ինձ համար պարզ չէ, բայց կան մի քանի կետեր, որոնց պետք է ուշադրություն դարձնել: Դա ֆուտբոլի մասսայականացումն է. այն, ինչ անում է պարոն Վարդանյանը: Նա ստեղծում է հրաշալի պայմաններ, աշխատանքայն լավ համակարգ, չի խնայում ոչինչ գլխավոր թիմի և ակադեմիայի համար: Նա հայկական ֆուտբոլը զարգացնելու հիանալի տեսլական ունի: Լավ մարզիչներ հրավիրելով նա նաև նպաստում է վերջիններիս փորձի փոխանցմանը տեղի երիտասարդ մարզիչներին: Ես չեմ ասում, որ տեղի կադրերը լավ չեն: Ոչ, պարզապես նրանց կրթվելը կբերի պատանի ֆուտբոլիստների շատ ավելի լավ սերունդ ունենալուն: Մարզչական կրթությունը շատ կարևոր է Ձեզ համար: Այստեղ պետք է ներդնում ունենա նաև կառավարությունը, որը պետք է ֆինանսավորի սպորտի ոլորտը, բայց սա մի բան է, որը պետք է երկրի զարգացմանը համահունչ լինի: Կարևոր է նաև երկրպագուներին ստադիոն բերելու գործընթացը: «Նոայում» ստեղծվել էր այնպիսի միջավայր, որ խաղից խաղ ավելի շատ մարդ էր գալիս ստադիոն, քանի որ մթնոլորտը հիասքանչ էր: Մարդը ցանկանում է լինել այնտեղ, որտեղ դրական մթնոլորտ կա: Բացի այս ամենից, եթե շատ թիմեր ունեն ուժեղ խաղացողներ, թիմերի միջև մրցակցությունը կմեծանա: Հենց սա է պետք Ձեզ. մրցակցություն: Կարևոր է նաև խաղադաշտերի որակը: Լինում էին դեպքեր, երբ խաղադաշտի որակը չէր համապատասխանում պրոֆեսիոնալ հանդիպմանը: Խնդիր են նաև արհեստական խաղադաշտերը: Նոր բարձրակարգ ֆուտբոլիստներ հրավիրելու տեսանկյունից դա շատ կարևոր է: Նորմալ է, եթե դրանք վերջին սերնդի արհեստական խոտածածկով խաղադաշտեր են, բայց Հայաստանում այդպես չէր: Երբ խաղադաշտը վատն է կամ խոտածածկն արհեստական է, ֆուտբոլսիտներն այդ ամենը տեսնելով, հրաժարվում են գալ տվյալ առաջնություն: Այդ տեսանկյունից, ենթակառուցվածները պետք է լավացնել: «Նոան» հիմա դա անում է, բայց միայնակ արդյունքի հասնել չի կարող: Մյուս թիմերը ևս այդ տեսանկյունից պետք է ակտիվանան: Նրանք միասին պետք է անցնեն այդ ճանապարհը, որպեսզի զարգացնեն հայկական ֆուտբոլը: Ես հուսով եմ, որ դա տեղի կունենա:
-Վերջում մի քանի բլից հարց.
-«Նոա», թե՞ «Լյուդոգորեց»
-Նոա
-Երեվա՞ն, թե Ռազգրադ
-Երևան, միանշանակ
-«Նոայի» ամենատաղանդավոր ֆուտբոլիստը
-Իմրան Օլադ Օմար և Վիրջիլ Պինսոն, իսկ պոտենցիալով՝ Ֆոֆանա Բիլալ, Ալեքսեյ Պլոշադնի և Զավեն Խուդավերդյան
-«Նոայի» առաջատարը խաղադաշտում
-Գուստավո Սանգարե, Գոնսալու Գրեգորիու և Էլդեր Ֆերեյրա
-«Նոայի» առաջատարը հանդերձարանում
-Օգնեն Չանչարևիչ, Հովհաննես Համբարձումյան, Ալեքսանդր Միլկովիչ (այժմ «Փյունիկում» է) և Էլդեր Ֆերեյրա
-Շնորհակալ եմ զրույցի համար:
-Ես եմ շնորհակալ Ձեր հետաքրքրության համար: